Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հրանտ Դինքի սպանութեան 8-րդ տարելիցի միջոցառումը Եւրոպական Խորհրդարանում բազմամարդ էր։

Միջոցառմանը մասնակցելու եկել էին Ֆրանսիայից, Թուրքիայից, Հայաստանից եւ եւրոպական այլ երկրներից հիւրեր` յիշելու, պատուելու եւ մէջբերելու Դինքին: Փարիզեան դէպքերից յետոյ Հրանտ Դինքի առաքելութիւնը աւելի քան խորհրդանշական է, նշում էին ներկաները:

«Ազատութիւն» ռադիօկայանի հետ զրոյցում Եւրախորհրդարանի փոխնախագահ, կոմս Ալեքսանդր Լամբսդորֆը նշեց, որ խօսքի ազատութիւնը վտանգի տակ էր թէ 8 տարի առաջ Թուրքիայում, թէ այժմ Եւրոպայում:

«Այս տարին յատուկ կարեւորութիւն ունի: Դժբախտաբար, թէ բարեբախտաբար, Փարիզի դէպքերը, մամուլի եւ խօսքի ազատութեան, Հրանտ Դինքի գործը համընկան նոյն ժամանակահատուածում: Նրա քաջութիւնը, այն, որ նա գիտակցելով վտանգը՝ չվախեցաւ խօսել, ահա այդպիսի ազատ մամուլի ու խօսքի կարիք ունենք մենք Եւրախորհրդարանում, աշխարհում ու նաեւ Հայաստանում: Այնպէս որ այսօր աւելի քան երբեք Դինքին յիշելը տեղին է: Իմ առաջարկը երկու երկրներին եւ յատկապէս Թուրքիային այն է, որ Թուրքիան պէտք է յաղթահարի տասնամեակների իր խնդիրն ու առաջ շարժուի 1915-ի դէպքերն ազնուօրէն ճանաչելով»,- ասաց Լամբսդորֆը։